National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.01.2010
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին
1 / 2

  Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ բուհի խորհրդի նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ։

Օրակարգի երկու հարցին՝ «ՀՊՏՀ 2009 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները եւ 2010 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» եւ «ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ նախագահի առաջարկությամբ հավելվեց երրորդը՝ «Այլ հարցեր»։

Առաջին երկու հարցի վերաբերյալ հանգամանալի զեկույցով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը։

Նշվեց, որ 2010 թվականը հոբելյանական տարի է տնտեսագետների համար, քանի որ լրանում է Հայաստանում բարձրագույն կրթությամբ տնտեսագետ կադրերի պատրաստման 90 եւ ՀՊՏՀ հիմնադրման 80-ամյակները։

Անդրադառնալով հաշվետու տարում համալսարանի արդյունավետ աշխատանքներին, ռեկտորը նշեց, որ բուհի հինգ ֆակուլտետներում սովորում են 7200 ուսանողներ՝ բակալավրիատի 18 տնտեսագիտական, 1 ճարտարագիտական մասնագիտություններով եւ 6 մասնագիացումներով, մագիստրատուրայի 18 մասնագիտություններով եւ 4 տնտեսագիտական մասնագիտացումներով։ Արդիականացվել են բակալավրիատի ու մագիստրատուրայի բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ուժի մեջ է մտել գիտելիքների գնահատման համակարգի բարեփոխված տարբերակը։ Ամբիոններում շարունակվել են ուսումնական մոդուլների թեստային մշակումները, բարելավվել ու հարստացվել է թեստային բազան։ Կատարվել են լուրջ նորամուծություններ, որոնցից ամենաէականը 13 մոդուլից միջանկյալ քննությունների անցկացումն է ավտոմատացված թեստային համակարգով, որի դեպքում ուսանողի գիտելիքները գնահատել է համակարգիչը։ Հաշվետու տարում ՀՊՏՀ-ում ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած եւս 3 լսարան, երկուսը՝ ՀՀ ԿԲ-ի եւ մեկը՝ ՀՀ 8 ապահովագրական ընկերությունների նախաձեռնությամբ։

Հատկանշական է այն, որ ՀՊՏՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների փորձառության կազմակերպմանը, բուհ-գործատու կապի ամրապնդմանը- ապացույցը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված աշխատանքի երկու տոնավաճառներն են, որոնց մասնակցել են հանրապետության գրեթե բոլոր խոշոր կազմակերպությունները։ Ընդլայնվում են ՀՊՏՀ-ի գործակցության կապերը ՌԴ, եվրոպական եւ ամերիկյան ճանաչված համալսարանների հետ։

Պարոն Սուվարյանը նաեւ չշրջանցեց լուծման ենթակա հիմնախնդիրներն ու առաջարկեց  համալսարանի կառուցվածքում կատարել փոփոխություններ, որոնք էապես կնպաստեն տնտեսագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը։

ՀՊՏՀ խորհրդի նիստում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը. 
  
«Հարգարժան պարոն ռեկտոր,

Հարգելի դասախոսներ,

Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի խորհրդի հարգարժան անդամներ,

Սիրելի ուսանողներ, 
 
Բուհի ձեռքբերումներն, ինչ խոսք, պատկառելի են:  Աշխատանքների բանիմաց կազմակերպման, ուսումնական գործընթացի կատարելագործման միջոցառումների շնորհիվ է, որ ավելացել է ուսանողների ընդհանուր թիվը, իսկ որ ինձ համար առավել կարեւոր է` բարձրացել է ուսման առաջադիմությունն ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում:  Սա շատ կարեւոր է այսօր, երբ գիտելիքն աստիճանաբար դառնում է առավել պահանջարկված արժեք, եթե կուզեք` առավել մրցունակ ապրանք:  Պակաս կարեւոր չէ բուհի տարբեր ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողների, ասպիրանտների եւ դասախոսների մասնակցությունը ինչպես գիտահետազոտական ծրագրերին, այնպես էլ միջբուհական կապերին, տարբեր գիտաժողովներին, նրանց արգասաբեր աշխատանքը, որն արտացոլված է տարբեր գիտական հրապարակումներում:

Միաժամանակ, չեմ կարող չանդրադառնալ նաեւ բոլորիս համար մի քանի ակնհայտ խնդիրների եւ մտահոգիչ հարցերի: Դրանք վերաբերվում են նախ, գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, որը պետք է ապահովի, մի կողմից սերնդափոխությունն ու գիտելիքների ու փորձի փոխանցումը` նոր մասնագետների եւ մանկավարժների, մյուս կողմից, թույլ տա պատրաստել ավելի մրցունակ կադրեր, որոնք ի վիճակի կլինեն պատվով դիմագրավել ժամանակի մարտահրավերները: Պետք է գիտակցենք, որ այսօր դասախոսը մասնագիտական տեղեկատվության միակ աղբյուրը չէ արդեն:  Ուսանողներին հասու են բազմաթիվ աղբյուրներ, որոնք կարիք ունեն մասնագիտական խորը վերլուծությունների եւ մանկավարժի աջակցության:  Ուսանող - դասախոս կապը պետք է ամրապնդվի, կուզեի դրա մասին լսել դասախոսներից եւ դա դրվի որակապես նոր մակարդակի վրա:  Սա թույլ կտա լուծել նաեւ աշխարհի առաջավոր երկրներում վաղուց արմատավորված հարատեւ կրթության խնդիրները, տնտեսագիտական կրթությունը մատչելի դարձնելով տարբեր տարիքի եւ հետաքրքրությունների տեր մարդկանց համար»:

Պարոն Աբրահամյանը բուհերի զարգացման գործընթացում նաեւ ընդգծեց պետության դերակատարությունը։ Նշվեց, որ պետական աջակցության շնորհիվ բուհերն ազատվել են տարբեր հարկատեսակներից՝ այդ թվում գույքահարկից, ավելացված արժեքի հարկից, հողի հարկից։

Դիմելով կրթության եւ գիտության նախարարին, պարոն Աբրահամյանը նշեց, որ կան բուհերի ռեկտորներ, որոնք անտեսում են «նման հարցեր», եւ հորդորեց՝ «ռեկտորներին հիշեցնել, որ պետության աջակցությունը բուհերին բոլոր հարթությունների վրա է»։

ԱԺ նախագահը նաեւ կարեւորեց որակյալ ուսնողներ ունենալու խնդիրը, քանի որ «արագ փոփոխվող աշխարհում դիպլոմը այնքան  էլ մեծ կարեւորություն չէ», անհրաժեշտ է հաշվի առնել ուսանողի մասնագիտական գիտելիքները։

Անդրադառնալով ՀՊՏՀ 2009-թ- բյուջեի կատարողականին, ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց խորհրդի անդամներին այն գնահատել «բավարար» եւ արձանագրել, որ «ապագայում բուհը կունենա ավելի կարեւոր, ավելի ճիշտ, ավելի արդյունավետ ծախսման ուղղություններ»։

Պարոն Աբրահամյանը նաեւ նշեց, որ «յուրաքանչյուր մարդ անկախ  դիրքից, պաշտոնից ու տարիքից միշտ պետք է սովորի, կարիք ունենա սովորելու»։

Անդրադառնալով ՀՊՏՀ 2009 թվականի բյուջեի կատարողականին` ԱԺ նախագահը նաեւ նշեց, «որ այն կարելի գնահատել բավարար եւ քննադատաբար վերլուծելով 2009թ. արդյունքները առաջընթաց քայլ կատարել դեպի ապագան:  Կուզենայի մեկ անգամ եւս մեջբերել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն առ այն, որ Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր: Դա հավասարապես կիրառելի է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար:  Ուստի մեզանից կախվածը պետք է անենք համախմբելու բուհի մտավոր եւ նյութական ռեսուրսները եւ դրանք նպատակաուղղելու մեր առջեւ կանգնած խնդիրների լուծմանը»: 

 Նշենք, որ ՀՊՏՀ խորհուրդը, լսելով եւ քննարկելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կազմակերպման կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը, որոշեց-

 1.Ընդունել համալսարանի ռեկտորատի առաջարկը կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ եւ անհարժեշտ համարել ստեղծելու հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ֆակուլտետ երկու ամբիոնով՝

   ա՝ կառավարչական հաշվառման եւ աուդիտի

   բ՝ ֆինանսական հաշվառման

    2. կառավարման ամբիոնի հիման վրա ստեղծել երկու ամբիոն՝

    ա՝ կառավարման,

    բ՝ հակաճգնաժամային ու զբոսաշրջության կառավարման։

    3. Վերանվանել եւ վերակառուցել ֆինանսական ֆակուլտետի ամբիոնները։

   Այսպիսով, սպառելով օրակարգը՝ ՀՊՏՀ խորհուրդն ավարտեց նիստի աշխատանքը։
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am